Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

... Եթե Աստծուն կանչես, երբե՛ք չի ուշանա

... Եթե Աստծուն կանչես, երբե՛ք չի ուշանա
03.11.2015 | 00:03

Այո՛, կանչեք Աստծուն ամեն օր ձեր աղոթքի միջոցով: Հիսուս ոչ միայն շեշտում է աղոթքի կարևորությունը, այլև անձանձրույթ աղոթքի անհրաժեշտությունը: Աստծու հետ հաղորդակցվելու և Նրան կանչելու միակ ճանապարհը աղոթքն է: Աղոթեցեք և խնդրեցեք ու ձեզ պիտի տրվի: Մի՛ սպասեք, որ նեղություն և դժվարություն ունենաք, միշտ հիշեք ու կանչեք Աստծուն:


ԱՆՀԱՎԱՏ ԴԵՂԱԳՈՐԾԸ
Մի հավատացյալ երիտասարդ ընկերանում է անհավատ դեղագործի հետ ու հրավիրում իր տուն ճաշելու: Երկար զրուցելուց հետո նա առաջարկում է ընկերոջը իր հետ վերցնել Աստծո խոսքից մի համար` մշտական իր մոտ պահելու: Անհավատ երիտասարդը հազիվ է համաձայնում, բայց չի մերժում ընկերոջը: Նա պատահական մի համար է վերցնում, որի վրա գրված է լինում. «Նեղությանդ օրը ինձ կանչիր, ես քեզ պիտի ազատեմ, ու դու ինձ պիտի փառավորես»: Երիտասարդը ծիծաղում է ու ասում. «Այդ ի՞նչ նեղություն պիտի պատահի ինձ, որ ես Աստծուն կանչեմ»: Խոսքերն ասելուց հետո աստվածաշնչյան համարը դնում է ծոցագրպանն ու հեռանում:
Մի օր ուշ երեկոյան դեղատուն է մտնում մի աղջնակ ու դեղ գնում իր մայրիկի համար, ով համարյա արդեն մահացու վիճակում էր: Դեղագործը տալիս է դեղորայքը, և աղջիկը հեռանում է: Որոշ ժամանակ անց հանկարծ նա աչքը գցում է աղջկա տված դեղատոմսին ու տեսնում, որ փոխանակ համապատասխան դեղը տալու, տվել էր ամենաբարձր չափաքանակով ուրիշ դեղորայք: Նա անհանգստանում է, քանի որ գիտեր, րոպեներ անց նրա մայրը պիտի... մահանար: Անմիջապես դուրս է վազում դեղատնից աղջկան փնտրելու, բայց... աղջիկը հեռացել էր, իսկ դրսում արդեն մութ էր:
Ներս է գալիս և տագնապած ու սրտնեղած պտտվում: Հանկարծ հիշում է աստվածաշնչյան համարը, որը վերցրել էր ընկերոջ տնից։ Հանում է այն և ասում. «Աստված իմ, մինչև հիմա քեզ չեմ հավատացել, բայց եթե դու հրաշք գործես և դեղը չհասնի այդ կնոջը, խոստանում եմ, որ ամբողջ կյանքում քեզ կծառայեմ»: Ահա այսպես աղոթելուց հետո մի տեսակ խաղաղություն է իջնում նրա վրա։ Հավատում է՝ ինչ-որ բան կփոխվի: Մեկ ժամ չանցած դեղատուն է մտնում աղջնակն ու ասում. «Բժիշկ, վազեցի, դեղը ձեռքիցս ընկավ կոտրվեց, ինձ նոր դեղ կտա՞ք»: Բժիշկն այլևս չէր լսում աղջկա խոսքերը. աչքերը երկինք բարձրացրած` փառք էր տալիս Աստծուն:
Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալիս մոտը եղած դրամներն ու հարցնում է.
-Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:
Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում՝ ո՞վ է պատվիրել դեղ գնել:
Փոքրիկը պատասխանում է.
-Բժիշկն ասաց. «Մայրդ միայն հրաշքով կբժշկվի»։ Խնդրում եմ օգնիր ինձ, դրամներս բավակա՞ն են:
Դեղագործը ասում է փոքրիկին.
-Երանի՜ թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի և ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում ու կլսի քո խնդրանքը:
Փոքրիկը վազելով մտնում է եկեղեցի, կանգնում խաչված Հիսուսի պատկերի առջև և ասում.
-Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս դեղը մոտդ է: Մայրիկիս շա՜տ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր:
Փոքրիկը ոչ մի պատասխան չլսելով պատկերից՝ բղավում է.
-Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար:
Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է.
-Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն:
Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը, և թե ինչպես բժիշկն ասաց՝ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ։ Իսկ դեղագործն ասաց՝ միայն Հիսուս ունի այդ դեղը:
Երբ տուն հասան, մտան մոր սենյակը, սակայն անկողինը դատարկ էր։ Փոքրիկը ձայն տվեց մայրիկին:
Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին.
- Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան:
Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությանը.
-Տեսա՞ր, արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզնից շուտ եկավ։

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ